Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մի՞ֆ, թե՞ ուղեղային մորմոք

Մի՞ֆ, թե՞ ուղեղային մորմոք
22.04.2016 | 00:54

Նախ սկսենք նրանից, որ ինքը` ՌԴ հարգարժան արտգործնախարար Լավրովը, մեկ ամիս առաջ ասում էր` չկա «Լավրովի ծրագիր», ինչի մասին մի քանի ամիս առաջ բարձրաձայնել էր նրա ադրբեջանցի պաշտոնակից Մամեդյարովը: Իսկ ահա Կրեմլին «կից» «Իզվեստիան» օրերս տպագրեց «Լավրովի ծրագրի» մանրամասները, և Կրեմլից որևէ մեկը չժխտեց-չասաց, թե այն ապատեղեկատվություն է: Ասել է` ռուս-ադրբեջանական տանդեմը տևական ժամանակ է, ինչ «խաղում» է այդ ծրագրով, որի բաղկացուցիչներց մեկն էլ, այո, քառօրյա պատերազմն էր:
Մեկ մանրամասն էլ նկատառենք ու փորձենք հասկանալ` «դիվանագիտական» ինչ զարգացումներ կարող են սպասվել առաջիկայում:

Նախորդ օրն ավարտվեց ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը. տևական ժամանակ նման հանդիպում չէր եղել, և միջազգային հանրությունն ուշի ուշով հետևում էր, թե ինչ կլինի: Ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն արձանագրեց՝ այդպես էլ Ռուսաստանի հետ խոր հակասությունները չվերացան: Այս նրբերանգը նկատառում ենք` հասկանալու՝ Արևմուտքն ու Ռուսաստանն իսկապե՞ս համագործակցում են Ղարաբաղի հարցում, և «Լավրովի ծրագիրը» ԵԱՀԿ մնացյալ համանախագահների «նախագի՞ծն» է նաև, քանի որ Ղարաբաղում բախվում են նաև ՆԱՏՕ-ի (Թուրքիա) և Ռուսաստանի շահերը: Ի վերջո, «Լավրովի ծրագիրը», որքան էլ «հումանիստական» լինի, չի կարող կյանքի կոչվել, եթե չկա ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների համաձայնությունը: Շատ դժվար է ասել` կա՞ նման համաձայնություն, որովհետև գործընթացները մշտապես գորգի տակ են ընթանում: Առավել հավանական է, որ «մնացյալք» կսպասեն Լավրովի ֆիասկոյին, որովհետև, որքան էլ Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին ճնշելու լուրջ գործիքակազմ ունենա, մեր կարծիքով, նրան հերթական անգամ ոչինչ չի հաջողվելու:


Հասկանալի է՝ Ռուսաստանն ընտրել է ամենահարմար «պահը»` Հայաստանին անկյուն քշելու: Սահմանադրական հանրաքվեն որոշակիորեն հորով-մորով է արվել, հայաստանյան իշխողները գնում են ընտրությունների, և եթե հիմա պահը չօգտագործվի որոշում կայացնողներից ցանկալին պոկելու համար, հետո ընդհանրապես դժվար կլինի:


ՈՒ հիմա Լավրովը Հայաստանում է: Պարզ հաշվարկն ու Ռուսաստանի վերջին օրերի պահվածքը, երբ նրա պետդումայականներն անգամ խուսափեցին Ղարաբաղ այցելելուց, արդեն իսկ ի ցույց են դնում մեր ռազմավարական գործընկերոջ, ՀԱՊԿ-ԵԱՏՄ անդամ դաշնակցի` նախ և առաջ Հայաստանի հաշվին ծրագիրն իրականացնելու մտադրությունը: Սա, մեր կարծիքով, բացի անբարո լինելուց, նաև անհնար է: «Իզվեստիան» է գրել, որ պետք է տարածքները «հետ վերադարձվեն», փախստականները գան, սահմանները բացվեն, տնտեսությունն արագ զարգանա, Ղարաբաղի կարգավիճակն էլ, երբ կրքերը կհանդարտվեն, «էշ մի սատկի, գարուն կգա» ժամկետում կորոշվի` հանրաքվեի միջոցով:


Իրական նպատակը հասկանալի է` երկու շրջանի վերադարձով Ադրբեջանը «պետք է մտնի» ԵԱՏՄ: Երեկ Էրդողանը Բաքվում էր. որքան համբուրվեցին ինքն ու ղարաբաղյան քառօրյա պատերազմում խոշոր ֆիասկո գրանցած Ալիևը, անգամ հետաքրքիր չէ. հետաքրքիրը Թուրքիայի մոտեցումն է` ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Չմոռանանք` Ադրբեջանը, որպեսզի գերտերություններն իրեն շատ չնեղեն, «Չմիավորված երկրների» անդամ է դարձել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանին, բացի նրանից, որ Թուրքիան, թերևս, թույլ չի տա մտնել ԵԱՏՄ, այլև Ադրբեջանն ինքը չի գնա նման խելահեղության` հազար ու մի պատճառով, ինչն այսօրվա մեր քննարկման առարկան չէ:
Ընդ որում, չի կարող առաջին հերթին այն պատճառով, որ նրան երկու, անգամ կես շրջան տվող չկա… Ղարաբաղում` ինչ-որ «էշի զատկի» հանրաքվեի դիմաց:
Այնպես որ, Լավրովը լավ էլ ասել է, որ չկա «Լավրովի ծրագիր», որովհետև այն աշխատող չէ։ Այն ընդամենը միֆ է, ուղեղային մորմոք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ